Հայ դպրոցականը մրցանակի է արժանացել Regeneron ISEF-2026 միջազգային հեղինակավոր ինժեներական մրցույթում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնի» հաղթող Ալբերտ Շահինյանը Regeneron ISEF-2026 միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Որպես խրախուսանք՝ նա Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու Լոնդոնի երիտասարդ գիտնականների միջազգային հեղինակավոր ֆորումին։
Միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացրած աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցականների գիտական ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերը և միջազգային հարթակներում նրանց մասնակցությունը։
Մրցույթի մասին
Regeneron ISEF–ը դպրոցականների համար նախատեսված գիտական և ինժեներական նախագծերի միջազգային մրցույթ է, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ–ում։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրների ավագ դպրոցների աշակերտները (14–18 տարեկան), ովքեր ներկայացնում են սեփական հետազոտական նախագծերը բնագիտության, ինժեներական, մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների, սոցիալական և կիրառական գիտությունների ոլորտներում։
Մրցույթը հաճախ անվանում են «համաշխարհային մակարդակի դպրոցական գիտական օլիմպիադա»։

