Ամերիաբանկի Investor’s Day-ը միավորել է Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների ներկայացուցիչներին

27.11.2026, 14:09
Ամերիաբանկի Investor’s Day 15-րդ միջոցառումը նվիրված է Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաներին։ Այս անգամ միջոցառումն անցկացվել է վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի հետ համատեղ
Ամերիաբանկի Investor’s Day-ը միավորել է Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 26-ին կայացել է Ամերիաբանկի Investor’s Day 15-րդ միջոցառումը՝ նվիրված Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաներին։ Այս անգամ միջոցառումն անցկացվել է վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի հետ համատեղ։

Investor’s Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, ապահովել փորձի փոխանակում և նպաստել Հայաստանում ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։

Միջոցառմանը ներկայացվել են երկու երկրների տնտեսական զարգացումները, կապիտալի շուկաների առանձնահատկություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են Ամերիաբանկի և Galt & Taggart-ի ներկայացուցիչները։

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների համագործակցության ներուժը

Ամերիաբանկի աշխատանքային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանի խոսքով՝ այս անգամ միջոցառումն առանձնանում է նրանով, որ երկու երկրների շուկաները ներկայացվում են միասին՝ Ameriabank-ի և Galt & Taggart-ի համագործակցությամբ։

Նրա խոսքով՝ 2024 թվականի մարտին Ամերիաբանկը միացել է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Lion Finance Group-ին, որի անդամ է նաև վրացական Galt & Taggart-ը։

Америабанк

«Մենք հարևան երկրներ ենք, ունենք բավականին շատ ընդհանրություններ, ընդհանուր մարտահրավերներ և շատ մեծ պոտենցիալ, որը հատկապես կապիտալի շուկաների մասով այս պահին բացահայտված չէ։ Հույս ունենք, որ այսօրվա միջոցառումը հնարավորություն կտա կանոնավոր երկխոսություն հաստատել երկու թիմերի և երկու կապիտալի շուկաների ներկայացուցիչների միջև և էլ ավելի ակտիվացնել համագործակցությունը»,- ասել է Հակոբյանը։

Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների միջև համագործակցության ներուժը։

Америабанк

«Մենք հավատացած ենք, որ Ամերիաբանկի հետ կարող ենք բացահայտել համագործակցության վիթխարի ներուժ Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների միջև, որն ի վերջո կարող է շատ հետաքրքիր ներդրումային հնարավորություններ ընձեռեկ հայ ներդրողների համար»,- ասել է Կիկվիլաշվիլին։

Հայկական պարտատոմսերը՝ օտարերկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների զարգացմանը և երկու երկրների կապիտալի շուկաների հեռանկարներին։

Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության սքվոդի պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին, կապիտալի շուկայի միտումներին և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Америабанк

Նա նշել է, որ ներդրումային որոշումներ կայացնելիս կարևոր է հասկանալ երկրի տնտեսական աճի տեմպերն ու դրա կայունությունը։

«Ցանկացած ներդրողի համար նախ կարևոր է հասկանալ այն երկիրը, որտեղ պատրաստվում են ներդրում կատարել, և թե ինչ տեմպերով է աճում երկրի տնտեսությունը, որքան կայուն է այդ աճը»,- ասել է Գևորգյանը։

Դիտարկվել են նաև Հայաստանի տնտեսական զարգացումները՝ հարևան և տնտեսական գործընկեր երկրների համեմատությամբ, ինչպես նաև կապիտալի շուկայի տարբեր հատվածները՝ թողարկումների, գործարքների և ներդրողների տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա ներդրողների՝ հայկական պարտատոմսերի, մասնավորապես՝ պետական պարտատոմսերի նկատմամբ աճող հետաքրքրությանը։

Ներդրումային գիտելիքից մինչև գործնական հնարավորություններ

Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը նշել է, որ միջոցառման նպատակներից մեկը հաճախորդներին մասնագետների վերլուծությունների միջոցով վրացական շուկայի գործիքներին ծանոթացնելն է։

«Ներդրողի հիմնական պաշտպանությունը գիտելիքն է, և ներդրումային գիտելիքները զարգացնելու համար մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայում և իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ։ Դրանցից մեկը Investor’s Day-ն է», - նշել է Ենգիբարյանը։

Америабанк

Նա հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Investor’s Day միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2 000 մարդ։ Բացի այդ, բանկն անցկացնում է նաև առցանց վեբինարների շարք և առցանց ձևաչափով տրամադրում փորձառություն ներդրումային շուկաների վերաբերյալ։

Ենգիբարյանը նշել է, որ վերջին տարիներին աճել է նաև MyInvest հարթակի օգտատերերի ակտիվությունը։ Նրա խոսքով՝ հավելվածը հնարավորություն է տալիս մեկ հարթակում առևտուր իրականացնել ինչպես միջազգային բաժնետոմսերով, այնպես էլ հայկական կապիտալի շուկայի գործիքներով՝ առաջարկելով տարբեր ռիսկայնության ներդրումային հնարավորություններ։

Նա նշել է, որ հարթակը հաճախորդներին հնարավորություն է տալիս հայերենով ստանալ միջազգային արժեթղթերի վերաբերյալ կարևոր նորություններ, ինչպես նաև օգտվել պարբերական ներդրումների գործիքից՝ ներդրումներն ավելի կանոնավոր իրականացնելու համար։

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է: Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները:

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: