Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության և ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով

27.11.2026, 19:05
Մասնավորապես, իհարկե, օրակարգում կլինի այն ընտրության հարցը, որը կատարում է հայկական կողմը, ասել է Պեսկովը
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության և ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի ընտրության հարցը կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկայում նախատեսվող բանակցությունների գլխավոր թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մասնավորապես, իհարկե, օրակարգում կլինի այն ընտրության հարցը, որը կատարում է հայկական կողմը (մտադրվելով անդամակցել ԵՄ-ին)՝ արդյո՞ք այն կարվի, ե՞րբ կարվի, ի՞նչ կերպ», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրամիություն և միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական ինտեգրումը շարունակելու ձգտումը չեն համադրվում միմյանց հետ։

«Բազմիցս այդ մասին խոսել ենք։ Եվ, իհարկե, հայկական կողմը պետք է ընտրություն կատարի», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Առաջիկա բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև անվտանգության և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցերը։

«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր բաղադրիչ է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը», - հայտարարել է Պեսկովը։

Նա առաջիկա հանդիպման օրակարգը բնութագրել է որպես բավականին հագեցած՝ նշելով, որ ռուս-հայկական հարաբերությունները մնում են բավականին լայն՝ չնայած առկա բարդություններին։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել և հայտարարվել էր բավականին վաղուց, և ռուսական կողմը նախապատրաստվում է դրան։