Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ժամկետներ և այլ մանրամասներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք առաջիկա այցերի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան։ Դեկտեմբերի 3-ին ծրագրված է աշխատանքային այց Մոսկվա, որի շրջանակում կկայանա հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընթացիկ հարցերի քննարկման նպատակով, դեկտեմբերի 11–12-ին՝ մասնակցություն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 21-ին՝ մասնակցություն Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ առաջնորդների ամենամյա հանդիպումներին։

