TRIPP-ը նպաստելու է Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը. ԱԳՄԱ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ TRIPP նախագիծը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր կոմպոնենտներից մեկն է և անմիջականորեն կապված է խաղաղության գործընթացի հետ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հավելյալ տարածաշրջանային փոխկապակցվածությունների ստեղծումն էականորեն կնսպաստի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև կբացի նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։
Տարածաշրջանային ինտեգրացիա և էներգետիկ անվտանգություն
Մեկնաբանելով էներգետիկ համակարգի ինտեգրման դեպքում Հայաստանի Թուրքիայից և Ադրբեջանից հնարավոր կախվածության վերաբերյալ մտահոգությունները՝ Կոստանյանը նշել է, որ նման մոտեցումը չափազանց նեղ է։
«Մենք 30 տարուց ավելի կծկված ոզնու պես փորձել ենք ապրել, և ըստ էության տեսել ենք, որ դա հաջողության չի բերում», - նշել է նա Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կոստանյանի խոսքով` Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ հավելյալ էներգետիկ կապերը թույլ կտան բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունությունը։ Նա նշել է, որ նման նախագծեր արդեն իսկ ընթացքի մեջ են Վրաստանի և Իրանի հետ։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի էներգետիկ համակարգը եվրոպական էներգետիկ համակարգի մաս է կազմում, որն առանձնանում է բարձր որակային և ռեգուլյացիոն ստանդարտներով: Ներկայումս քննարկումներ են ընթանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունն ապահովելու համար՝ այսպես կոչված «կղզային» մեթոդով:
Նրա խոսքով` լիարժեք սինխրոնացման համար անհրաժեշտ կլինի հայկական էներգետիկ համակարգը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին:
TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հետ փոխգործակցությունը
TRIPP-ի ներդրման գործնական փուլերի վերաբերյալ Կոստանյանը նշել է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն վերջնական հետազոտության արդյունքները ստանալուց հետո: Նախագծի զարգմացման ընկերության ստեղծումից հետո նախատեսվում է նաև դուստր կազմակերպությունների ստեղծում:
Փոխնախարարը TRIPP-ը բնութագրել է որպես Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծ՝ նշելով արդեն իրականացված փաստաթղթային աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու տեղում մեկնարկած աշխատանքները։
Նրա խոսքով՝ նախագծի երկաթուղային բաղադրիչի իրականացման համար անհրաժեշտ են տեխնիկական և տնտեսական քննարկումներ Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ երկաթուղու լայնությունը և բեռնափոխադրումների ծավալները որոշելու համար։
Կոստանյանն ընդգծել է, որ քանի որ երկաթուղին անցնելու է Հայաստանի տարածքով՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի հետ, անհրաժեշտ է առաջին հերթին այս հարցերի շուրջ համագործակցել ադրբեջանական կողմի հետ։
Մեկնաբանելով հայ պաշտոնյաների և ադրբեջանական կողմի միջև ուղիղ շփումների քննադատությունը՝ Կոստանյանը հայտարարել է, որ նման քննադատությունը կորցրել է իր էֆեկտիվությունը և այլևս օգտակար չէ։
TRIPP նախագծի մասին
TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում, այդ թվում՝ երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Նախաձեռնությունը ընթացք է ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Նախագիծը նաև նպատակ ունի Հայաստանի համար ապահովել տրանսպորտային նոր հնարավորություններ և նպաստել երկրի ինտեգրմանը միջազգային լոգիստիկ երթուղիներին։

