Mango-ի հիմնադրի որդին կասկածվում է հոր սպանության մեջ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կատալոնիայի ոստիկանությունը Բարսելոնայում ձերբակալել է Mango նորաձևության հայտնի բրենդի հիմնադիր Իսակ Անդիկի որդուն՝ Ջոնաթան Անդիկին, որը կասկածվում է հոր չկանխամտածված սպանության մեջ, հայտնում է DW-ն` հղում անելով ոստիկանության մայիսի 19-ի հայտարարությանը։
Անդիկ կրտսերն արդեն տվել է առաջին ցուցմունքները։ Ըստ տեղեկությունների` նա եղել է միակ մարդը, որը պատահարի ժամանակ եղել է հոր կողքին։
71-ամյա միլիարդատեր Իսակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Բարսելոնայից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոնսերատ լեռնազանգվածում զբոսնելիս։ Ըստ նախնական վարկածի՝ նա սայթաքել է Կոլբատոյի Սալպետրե քարանձավներում և ընկել 150 մետր բարձրությունից։
Թեև դեպքն ի սկզբանե որակվել էր որպես դժբախտ պատահար, հետագա քննության ընթացքում ի հայտ են եկել կասկածներ։ Ոստիկանությունը Ջոնաթան Անդիկի ցուցմունքներում հայտնաբերել է մի շարք հակասություններ, ինչպես նաև ուսումնասիրել է նրա բջջային հեռախոսը։ Բացի այդ, մահացածի զուգընկերուհին՝ պրոֆեսիոնալ գոլֆիստ Էստեֆանիա Կնուտը, հայտնել է հոր և որդու միջև առկա վատ հարաբերությունների մասին։
Գործը գտնվում է դատարանի վարույթում։ Դատավորը պետք է որոշում կայացնի կասկածյալին կալանավորելու կամ պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ։
Սպանվածի ընտանիքը հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է իրավապահների հետ, սակայն հրաժարվում է այլ մեկնաբանություններից՝ դատավարության փակ բնույթի պատճառով։
Mango կայսրության մասին
Իսակ Անդիկը հիմնադրել է Mango-ն 1984 թվականին. մինչ այդ՝ 1980-ականների սկզբին, նա Բարսելոնայում և Մադրիդում խանութներ է բացել Isak Jeans անվան ներքո։ Իսակ Անդիկը ծնվել է 1953 թվականին Ստամբուլում, իսկ 1969 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ 17 տարեկանում նա արդեն հագուստ և կոշիկ էր վաճառում շուկաներում։
Անդիկի կարողությունը գնահատվում էր մոտ 4,5 միլիարդ եվրո, նա համարվում էր Իսպանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը և Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի մրցակիցը։ 2025 թվականի արդյունքներով, Mango-ն սահմանել է հասույթի ռեկորդ՝ ավելի քան 3,7 միլիարդ եվրո, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականին։
Ցանցն ունի շուրջ 2900 վաճառքի կետ ավելի քան 120 երկրներում և ավելի քան 18 000 աշխատակից, ընդ որում՝ հասույթի մոտ 80%-ը բաժին է ընկնում Իսպանիայից դուրս գտնվող շուկաներին։ Բացի Ջոնաթանից, Անդիկն ունի ևս երկու դուստր՝ Ջուդիթը և Սառան, որոնք նույնպես աշխատում են ընկերությունում։ Հոր մահից հետո Ջոնաթան Անդիկը նշանակվել է ընկերության փոխնախագահ։

