4 մայրցամաքներում սկսել են հետևել զբոսանավի՝ հանտավիրուսով ախտահարված ուղևորներին
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորս մայրցամաքների տարբեր երկրների առողջապահական մարմինները հետևում են այն ուղևորներին, որոնք հասցրել են դուրս գալ MV Hondius զբոսանավից նախքան դրա վրա հանտավիրուսի բռնկման հայտնաբերումը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ իրավասու մարմինները փորձում են գտնել այլ անձանց, որոնք կարող էին շփում ունենալ նրանց հետ։
Reuters-ի տվյալներով՝ ներկայումս հսկողության տակ են գտնվում առնվազն 12 երկրների բնակիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի յոթ և ԱՄՆ-ի վեց քաղաքացի։ Միևնույն ժամանակ, մինչ վիրուսի բռնկման մասին լուրերի հայտնվելը, շուրջ 40 ուղևոր ափ էր դուրս եկել Սանտա Էլենա նավահանգստում, հայտնել են Նիդերլանդների ԱԳՆ-ից։
Արգենտինայի քննիչները կարծում են, որ հիվանդության բռնկումն առաջացել է երկրի հարավային քաղաքներից մեկում, AP-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Նրանց կարծիքով՝ նիդերլանդացի զույգը, որը մահացել է վարակման հետևանքով, կարող էր վարակվել թռչունների դիտման ուղևորության ժամանակ՝ նախքան զբոսանավ բարձրանալը։ Բացի նրանցից, մահացել է ևս մեկ ուղևոր՝ Գերմանիայի քաղաքացի։
Ընդհանուր առմամբ, վիրուսով վարակումը հաստատվել է հինգ հոգու մոտ, ևս երեքի մոտ առկա է վարակման կասկած, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների վարակված արտաթորանքների շնչառման միջոցով և հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն։ ԱՀԿ-ում համարում են, որ բնակչության համար վարակման ընդհանուր ռիսկը ցածր է։
Հանտավիրուսի բռնկումը տեղի է ունեցել մայիսի սկզբին MV Hondius զբոսանավում։ Նավը, որի տախտակամածին գտնվում է շուրջ 150 մարդ, ուղևորվում է Իսպանիա և պետք է ժամանի Տեներիֆե կղզի մայիսի 10-ին։

