Փաշինյանը մեկնաբանել է «Տելեկոմ Արմենիա»–ի և ադրբեջանական «Ազերտելեկոմ»–ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը

25.06.2026, 14:35
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը
Փաշինյանը մեկնաբանել է «Տելեկոմ Արմենիա»–ի և ադրբեջանական «Ազերտելեկոմ»–ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը։

«Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա: Ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այդքան ավելի է մեծանում Հայաստանի տնտեսական ու քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է՝ հարավից հյուսիս, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք` հավելելով, որ պետք է ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ ու օդային գծեր անցնեն երկրով, քանի որ խաղաղության և անվտանգության երաշխիքը հենց դա է։

Հիշեցնենք, որ հունիսի 22–ին «Տելեկոմ Արմենիա»–ն հայտնեց «Ազերտելեկոմ»–ի հետ երկկողմ համաձայնագրի ստորագրման մասին, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Ընկերությունից հայտնել են, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։