Ավետիք Չալաբյանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, տեղեկացրել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Այսօր ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ Չալաբյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում։ ՔԿ–ից հայտնում են, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Վերջերս ստացել ենք դատարանի որոշումը, կծանոթանանք և հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով կամ հայտարարություններով։ Ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով բավարար չէ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար»,— դատարանի շենքի մոտ լրագրողներին հայտարարել է Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է շինծու և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

