«Թաց» մրցույթներ, մանկական գոտի և ֆուդկորտ. Վարդավառն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 12-ին Երևանում կանցկացվի Վարդավառ փառատոնը, որն այս տարի ներկայանալու է նոր ձևաչափով։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ գլխավոր միջոցառումները կանցկացվեն Հանրապետության հրապարակում՝ ժամը 12:00-ից: Տոնական ծրագրի շրջանակում սպասվում է համերգային ծրագիր՝ հայտնի արտիստների, ինչպես նաև ճանաչված հայաստանյան և արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։
«Ավելի շատ ջուր, ավելի շատ ուրախություն, ավելի թաց մարդիկ։ Այդ ջուրն ու երաժշտությունն իրար համադրելով՝ կանցկացվեն նաև մրցութային ծրագրեր։ Կլինեն «թաց» մրցույթներ», - նշեց Հովհաննիսյանը։
Երեխաների համար նույնպես նախատեսված է հատուկ գոտի՝ ջրային բաղադրիչով, որտեղ փոքրիկները կկարողանան իրենց ժամանցն անցկացնել ավելի ապահով միջավայրում։ Բացի այդ, հրապարակում կգործի ֆուդկորտ, որտեղ համաքաղաքացիներն ու զբոսաշրջիկները կկարողանան մի փոքր շունչ քաշել և սնվել։
Նրա խոսքով` այս նոր մոտեցումը կնպաստի հետագայում տուրիստական մեծ ներհոսքի ապահովմանը և մեր ազգային բրենդի՝ Վարդավառի փառատոնի՝ ամբողջ աշխարհով մեկ ավելի հայտնի դառնալուն։
«Այն պետք է դառնա մեր հայաստանյան այցեքարտերից մեկը և ամբողջ աշխարհով ճանաչված լինի», - նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ որևէ վայրում որևէ բան չի սահմանափակվելու և արգելվելու։ Քաղաքացիները կշարունակեն տոնը նշել նախորդ տարիներից արդեն ավանդական դարձած վայրերում, պարզապես երաժշտության և այլ բաղադրիչների համադրմամբ տոնակատարությունը կդառնա ավելի հետաքրքիր։

