Հայաստանցի աշակերտները 4 մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային 2 օլիմպիադայում

24.06.2026, 13:11
Հայաստանցի աշակերտները նվաճել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայում
Հայաստանցի աշակերտները 4 մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային 2 օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանցի աշակերտները նվաճել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայում, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հունիսի 19-22-ը ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրել է աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։

Հայաստանի թիմն արժանացել 3 արծաթե (Սամվել Խաչատրյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Էրիկա Հարությունյան՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, Միքայել Դարբինյան` «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Տիգրան Աթյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան) մեդալի։ Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խալաթյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ)։

Օլիմպիադան անցկացվել է անգլերենով․ այն բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային 1-ին բաց օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալի։