Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի

23.06.2026, 21:06
Թորոսյանը խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերանվանման նախաձեռնության մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։

Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։