Չե Գևարայի պատկերով շախմատն ու Արցախը ձեռքով գծված քարտեզը․ անհայտ պատմություններ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանից (ՖՈՏՈ)

23.06.2026, 18:21
Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակի շրջանակում բացահայտում ենք ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքի և բնավորության քիչ հայտնի էջերը․ ՖՈՏՈ
Չե Գևարայի պատկերով շախմատն ու Արցախը ձեռքով գծված քարտեզը․ անհայտ պատմություններ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ 20-րդ դարի խոշորագույն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը պահպանում է նրա կյանքի և դարաշրջանի տասնյակ եզակի վկայություններ։

Բյուրականի աստղադիտարանի (որի հիմնադիրն էր նա) 80-ամյակի շրջանակում «Նովոստի-Արմենիա» գործակալությունը բացահայտում է ականավոր աստղաֆիզիկոսի կյանքի և բնավորության քիչ հայտնի էջերը, ում հայտնագործությունները նրան համաշխարհային ճանաչում բերեցին և դարձրին ժամանակակից տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

Թվերն անվերջ են. 6-ամյա հանճարն ու 9 տարեկանում ընտրված ուղին

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականին Թիֆլիսում, որտեղ այդ ժամանակ կենտրոնացած էր կովկասյան մտավորականությունը, սակայն նրա արմատները Վարդենիսից էին։ Մանկուց տարբերվել է հասակակիցներից։ Դեռ 6 տարեկանը չբոլորած՝ դպրոցում նրան հարցրել են, թե որն է ամենամեծ թիվը։ Փոքրիկ Վիկտորը պատասխանել է.

«Դուք ասեք, բայց ինչ թիվ էլ ասեք, ես ընդամենը 1 եմ գումարելու ու ստանամ ավելի մեծ թիվ, այնպես որ թվերն անվերջ են»։

Արդեն 9 տարեկանում նա հստակ որոշել էր, որ դառնալու է աստղագետ։ Սանկտ Պետերբուրգի համալսարանն ավարտելուց հետո դարձել է դրա պրոռեկտորը և հիմնադրել Խորհրդային Միության առաջին տեսական աստղաֆիզիկայի ամբիոնը, սակայն Գիտությունների ակադեմիայի բացման առթիվ վերադարձել է Հայաստան, որտեղ շուրջ կես դար աշխատել է, իսկ 47 տարի ղեկավարել ակադեմիան։

Виктор амбардзумян

Սեփական միջոցներով կառուցված տունն ու 80-ականների չբացահայտված գողությունը

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրելուց հետո Համբարձումյանը հենց դրա տարածքում, իր անձնական միջոցներով կառուցել է այս առանձնատունը (Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան, 1950 թ․ խմբ.)։ Նա տունը թողել է աստղադիտարանի հաշվեկշռին՝ որպես նվեր հաջորդ տնօրեններին, սակայն նրանից հետո տնօրինությունը որոշել է այն վերածել թանգարանի։

Виктор Амбарцумян

Թանգարանի ցուցափեղկերում այսօր խնամքով պահվում են գիտնականի մեդալների վկայականները (այդ թվում՝ Հայաստանի ազգային հերոսի №2 վկայականն ու անձնագիրը՝ Վազգեն Առաջին կաթողիկոսից հետո)։ Սակայն հենց մեդալները ցուցադրված չեն. 1980-ականների սկզբին գողացել են շուրջ 2 կգ ընդհանուր քաշով ոսկյա և արծաթյա մեդալները, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել։ Ինքը՝ գիտնականը, անտարբեր է եղել մրցանակների հանդեպ. աշխատասենյակն անվանել է «հանգստի սենյակ», քանի որ հանգստանում էր հենց աշխատելիս։

Виктор Амбарцумян

Արցախը ձեռքով Հայաստանին միացրած քարտեզն ու 9-օրյա հացադուլը Մոսկվայում

Տան պատին փակցված է ԽՍՀՄ տարիների՝ 1954 թվականի աշխարհի քարտեզը, որտեղ Արցախը ներառված չէր Հայաստանի կազմում։ Համբարձումյանը, չհամակերպվելով այդ իրողության հետ, իր ձեռքով, սովորական գրիչով քարտեզի վրա գծել ու իրար է միացրել Արցախն ու Հայաստանը։

Նրա մեծ հայրենասիրության մեկ այլ վկայություն է թանգարանում ցուցադրվող դատարկ կոնյակի շիշը՝ «Վիկտոր Համբարձումյան, 82 տարի» պիտակով։ Այն թողարկվել է 1990 թվականին, երբ աշխարհահռչակ գիտնականը 82 տարեկան հասակում Մոսկվայում 9-օրյա հացադուլ հայտարարեց (Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց հետ)՝ միջազգային հանրության ուշադրությունը Արցախի հարցին սևեռելու պահանջով։

Виктор амбардзумян

Դուք էլ եք հեղափոխական, բայց երկնքում. Չե Գևարայի պատկերով շախմատը

Թանգարանի ամենահետաքրքիր իրերից է հնդկական շախմատը, որը Համբարձումյանին նվիրել են վրացի աստղագետները։ Շախմատի վրա պատկերված է Չե Գևարան, իսկ թիկունքում գրված է.

«Դուք էլ եք հեղափոխական, բայց երկնքում»։

Виктор Амбарцумян

Նրան հեղափոխական էին համարում, քանի որ նա աշխարհում առաջինն էր, որը ապացուցեց, որ Տիեզերքում էվոլյուցիան և աստղերի առաջացումը շարունակվում են նաև այսօր։

Виктор Амбарцумян

7 լեզուների տիրապետող ակադեմիկոսի կտակը հայոց լեզվի մասին

Համբարձումյանը տիրապետում էր 7 լեզվի, սակայն իր կյանքի գերագույն երջանկությունը համարում էր հայերենի իմացությունը։ Թանգարանում ցուցադրված է հատված նրա կտակից, որտեղ նա իր զավակներին, թոռներին ու ծոռներին պատգամում է.

«Ամեն հայ պարտավոր է իր պարտքը համարել լավ ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինել հայերեն՝ անկախ նրանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը»։

Виктор амбардзумян

Սարյանի թաքստոցը, հոր ֆենոմենն ու 15-ամյա դասախոսը

Տանը հաճախ են հանդիպում Մարտիրոս Սարյանի ձեռագրերն ու կրկնօրինակ նկարները (բնօրինակները Սարյանի տուն-թանգարանում են)։ 1957 թվականին Սարյանը, ենթարկվելով որոշակի հետապնդումների, ապաստան է գտել Բյուրականում՝ Համբարձումյանի տանն ու հյուրատանը, որտեղ բազմաթիվ կտավներ է նկարել (վերջերս այդ սենյակն անվանակոչվել է Սարյանի անվամբ)։

Համբարձումյանի հայրը՝ Համազասպը, նույնպես ֆենոմենալ անձնավորություն էր։ Ծնվելով դպրոց չունեցող փոքրիկ գյուղում՝ նա ամեն օր ոտքով գնացել է հարևան գյուղ՝ կրթություն ստանալու, հասել Սանկտ Պետերբուրգ, դարձել հայտնի բանասեր, իրավաբան, Հովհաննես Թումանյանի հետ համատեղ Թիֆլիսում հիմնել Գրողների միությունը (Թումանյանը նախագահն էր, Համազասպը՝ քարտուղարը) և հայերեն թարգմանել Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։

Իսկ ինքը՝ Վիկտոր Համբարձումյանը, արդեն 15 տարեկանում Երևանի պետական համալսարանում դասախոսություն էր կարդում դասախոսների համար՝ Էյնշտեյնի հարաբերականության տեսության թեմայով։

Виктор амбардзумян

Մեծ սեր և բացարձակ անտարբերություն նյութականի հանդեպ

Համբարձումյանի կինը ազգությամբ ռուս բանասեր Վերա Ֆյոդորովնան էր։ Գիտնականն իր հուշերում գրել է, որ ամուսնացել է սիրահարվելով և 64 տարի ապրել մեծ սիրով։ Նրանք ունեցել են 4 զավակ (երկուսը ֆիզիկոսներ են, ապրում են Մոսկվայում, երկուսը՝ Հայաստանում)։

Արցախյան առաջին պատերազմի մութ ու ցուրտ տարիներին աշխարհահռչակ գիտնականը ձմռանն ապրում էր դստեր տանը՝ Աշտարակում։ Կառավարության որոշմամբ այդ բնակարանին շուրջօրյա անվճար էլեկտրաէներգիա է մատակարարվել։ Սակայն հենց նույն օրը, երբ լույսը միացրել են, Համբարձումյանը պահանջել է անջատել այն՝ ասելով.

«Ինձ մի՛ առանձնացրեք, օրվա մեջ հատկացրեք այնքան լույս, որքան բոլորին են հատկացնում»։

Виктор амбардзумян

Այդ օրերին նա օրագրում գրել է, որ եթե ևս մեկ անգամ աշխարհ գար, կցանկանար ապրել ճիշտ այնպես, ինչպես ապրել է, ինչը վկայում է նյութականի հանդեպ նրա բացարձակ անտարբերության մասին։ Մեծ գիտնականը մահացել է 88 տարեկան հասակում։ Թեև կառավարությունը ցանկանում էր նրան հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում, հաշվի առնելով նրա վերջին կամքը՝ նրան հուղարկավորել են Բյուրականում։

Բյուրականն այսօր. ազգային արժեք և հայտնաբերված գալակտիկաների 8%-ը

Бюраканская обсерватория1.jpg

Այսօր Բյուրականի աստղադիտարանն ունի մոտ 40 գիտաշխատող և շարունակում է մնալ տարածաշրջանի աստղագիտական կենտրոն։ Աստղադիտարանն իր 52 հեկտար տարածքով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ մեկտեղ, համարվում է Հայաստանի 3 ազգային արժեքներից մեկը։

Աստղադիտարանի գործունեության ընթացքում հայտնաբերվել է 14 000-ից ավելի տիեզերական մարմին և 1500 գալակտիկա, ինչը կազմում է ողջ աշխարհում մինչ օրս հայտնաբերված գալակտիկաների ռեկորդային՝ 8%-ը։