Հայաստանն Airbus–ից առաջին անգամ ուղղաթիռներ է գնում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Airbus Helicopters ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել, հայտնում է Airbus ավիաշինարարական ընկերությունը։
Համաձայնագիրը, որը վերջնականապես ձևակերպվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պետական այցի ժամանակ, վերջերս ուժի մեջ է մտել։ Airbus-ում սա անվանել են կարևոր փուլ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Բազմանպատակ H145 ուղղաթիռները կօգտագործվեն տրանսպորտային առաքելությունների համար։ Ընկերության տվյալներով՝ սա Հայաստանի առաջին պայմանագիրն է Airbus Helicopters-ի հետ, ինչը թույլ կտա արդիականացնել հանրապետության ուղղաթիռային պարկը։ Ավիաշինարարական հսկայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ պայմանագրի գումարը չի նշվում։
«Մեզ համար մեծ պատիվ է պաշտոնապես ողջունել Հայաստանի Հանրապետությանը Airbus Helicopters-ի ընտանիքում։ Այս առաջին պայմանագիրը մեր ընկերության և Հայաստանի միջև աճող գործընկերության վկայությունն է, և մենք հպարտ ենք, որ կարող ենք աջակցել երկրին՝ իր ավիացիոն հնարավորությունների արդիականացման գործում»,— հայտարարել է Airbus Helicopters-ի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուղղության ղեկավար Լյուդովիկ Բուիստոն։
Նրա խոսքով՝ H145-ը փորձված «աշխատանքային ձի» է, որը Հայաստանի իշխանություններին կապահովի ճկունություն և հուսալիություն տրանսպորտային խնդիրների կատարման համար։
Airbus-ում նշել են, որ H145-ն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ, այդ թվում՝ բարձրլեռնային պայմաններում և շոգ կլիմայում։ H145-ի հնգաթև տարբերակն ապահովում է ավելացված օգտակար բեռնվածություն, ավելի սահուն թռիչք և պարզեցված տեխնիկական սպասարկում։
Ընկերության տվյալներով՝ շահագործման մեջ է գտնվում H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնց ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցում է 8,5 միլիոն ժամը։ H145-ը համալրված է Safran Arriel 2E երկու շարժիչներով, FADEC շարժիչի թվային կառավարման համակարգով և Helionix ավիոնիկայի թվային համալիրով։
Այն ներառում է բարձր արտադրողականությամբ չորս առանցքանի ավտոպիլոտ, որը բարձրացնում է անվտանգությունը և նվազեցնում օդաչուի ծանրաբեռնվածությունը։ Աղմուկի հատկապես ցածր մակարդակի շնորհիվ H145-ը համարվում է իր դասի «ամենալուռ» ուղղաթիռը, իսկ դրա CO₂ արտանետումներն ամենացածրն են մրցակիցների շրջանում։

