Առաջարկվում է Երևանում ամբողջությամբ անցնել էլեկտրական հանրային տրանսպորտի․Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մտադիր են ամբողջությամբ անցնել էլեկտրական հանրային տրանսպորտի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հետագայում մեր նպատակն ու ռազմավարությունն այն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,- ասաց Ավինյանն այսօր ավագանու նիստի ժամանակ:
Քաղաքապետը հայտնեց նաև, որ նախատեսվում է էլեկտրական ավտոբուսների գնում, և այս պահի դրությամբ այն կառավարության ներդրումային կոմիտեի քննարկման հարցերից մեկն է։
«Այստեղ ունենք երկու վերլուծություն և երկու առաջարկություն. նախկին 18 մետրանոց 250 նոր էլեկտրական ավտոբուսների հարցն է, և ունենք մի նոր վերլուծություն, որով առաջարկվում է գերակշիռ 18 մետրանոցների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Որոշ ժամանակ հետո մենք կվերջնականացնենք այս բոլոր վերլուծությունները»,- նշեց Ավինյանը:

