Գագիկ Ծառուկյանին պատկանող Shangri La խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/ ․«Օնիրա քլաբ» ՍՊԸ («Շանգրի Լա») խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հրապարակելով համապատասխան հրամանի լուսանկարը։
««Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես՝ Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք))միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,– նշված է հիմնավորման մեջ։

