Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

22.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։

Նշենք՝ Երվանդ Մկրտչյանը Հունաստանի մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք: