Կիևյան կամրջի փակումը դժգոհություն է առաջացրել երևանցիների շրջանում. քաղաքապետարանն արձագանքել է

19.06.2026, 16:34
Քաղաքապետարանից արձագանքել են Կիևյան կամրջի փակման պատճառով առաջացած դժգոհություններին
Կիևյան կամրջի փակումը դժգոհություն է առաջացրել երևանցիների շրջանում. քաղաքապետարանն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանն արձագանքել է Կիևյան կամրջի հիմնանորոգման նպատակով փակումից հետո հանրաին դժգոհություններին։

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու, ինչի հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում առաջանում են մեծ խցանումներ։

«Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը», - գրել է Կարապետյանը Facebook-յան իր էջում:

Նա նշել է, որ քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար:

«Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունը սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում ավելի հարմար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր», - ընգծել է նա:

Նա նշել է, որ փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները և վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը:

Միաժամանակ, Կարապետյանն ընդգծել է, որ այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ` հավելելով, որ արդյունքում կլինի ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովվի կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն:

«Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ», - գրել է նա: