Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հունիսի 19-ին՝ ժամը 11:56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

