Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

19.06.2026, 13:22
Ամերիաբանկն առաջին անգամ թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է ընդհանուր 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիաբանկն առաջին անգամ թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է ընդհանուր 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերը թողարկվել են երկու փուլով` փետրվարին և ապրիլին: Երկու թողարկման դեպքում էլ ամբողջ ծավալը սպառվել է նախատեսվածից շուտ, ինչը վկայում է արժեթղթի նկատմամբ բարձր պահանջարկի մասին: 

Անժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ Ամերիաբանկը ձևավորում է լրացուցիչ կապիտալի բուֆերներ՝ հետագա աճի հնարավորություններն իրացնելու և ռազմավարական նպատակներն իրականացնելու համար: Հատկանշական է, որ առաջին սերիայի անժամկետ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8.5% եկամտաբերությամբ, իսկ երկրորդինը` արդեն 8%` պայմանավորված պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկով։

«Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը հստակ վկայում է մեր վարկային պատմության և դիվերսիֆիկացված հաշվեկշռի կառավարման հանդեպ շուկայի վստահության մասին։ Այս գործարքի արդյունքում կապիտալի համարժեքության ցուցանիշների ամրապնդումը Բանկին ընձեռում է լրացուցիչ ճկունություն՝ մեր զարգացման հավակնոտ ծրագրերն իրականացնելու ու Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուի դիրքն ամրապնդելու համար»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը: 

Նշենք, որ պարտատոմսերն այժմ հնարավոր է ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ 

Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի 1/28Ա որոշմամբ: 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: