Լեոնիդ Յակոբսոնի անվան Սանկտ Պետերբուրգի բալետի թատրոնը կրկին ելույթ կունենա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը կրկին Երևանում է։
Այս մասին հայտնել է Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնը։
Ըստ հաղորդագրության, հունիսի 19-ից 21-ը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնին։
Նշվում է, որ հյուրախաղերը կազմակերպվում են «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչվում Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համառուսաստանյան հյուրախաղային եւ համերգային ծրագրի աջակցությամբ։
Երևանի հանդիսատեսին կներկայացվի Պյոտր Չայկովսկու անմահ «Քնած գեղեցկուհին» բալետը՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի շքեղ խորեոգրաֆիական մեկնաբանությամբ։ Ներկայացումը համատեղում է դասական բալետի նրբագեղությունը, վառ բեմական ձևավորումները եւ խոր փիլիսոփայական ենթաշերտը՝ ստեղծելով իսկական տոն արվեստասերների համար։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեևը նշում է, որ երկու տարի առաջ Երևանում ներկայացված «Քնած գեղեցկուհին» արժանացել էր հանդիսատեսի բացառիկ ջերմ ընդունելությանը։
Նրա խոսքով՝ թատրոնի եւ Հայաստանի մշակութային կապերն ունեն երկարամյա պատմություն, իսկ Լեոնիդ Յակոբսոնի եւ Արամ Խաչատրյանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սպարտակ» բալետը դարձել է համաշխարհային պարարվեստի և երաժշտական մշակույթի կարևորագույն արժեքներից մեկը։
Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի թատրոնի հյուրախաղերը Հայաստանի ազգային օպերայի բեմում դարձել են գեղեցիկ ավանդույթ։ Անցյալ տարի Երևանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ այս տարի կրկին հնարավորություն կունենա վայելելու համաշխարհային բալետային արվեստի լավագույն նմուշներից մեկը։
Այս բացառիկ հյուրախաղերը հանդիսատեսին հնարավորություն կտան ևս մեկ անգամ հաղորդակցվելու բարձրարվեստ դասական բալետին եւ վայելելու միջազգային ճանաչում ունեցող թատերախմբի վարպետությունը՝ Երևանի գլխավոր մշակութային բեմում։

