Արցախցի նախկին հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախկին հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
« Մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել», -սոցցանցերում գրել է Օսիպյանը։
Նա նշել է, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ուստի շարունակում է պայքարը այլ ճանապարհով։
«Այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-նշել է Օսիպյանը։
Նա նշել է, որ իր դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է։
Հրապարակման պահին Օսիպյանի հայտարարության վերաբերյալ Փաշինյանի ներկայացուցիչների կողմից որևէ մեկնաբանություն չի ստացվել։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր 2026 թվականի մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Մայիսի 21-ին դատարանը որոշում էր կայացրել կալանավորել նրան, և հենց նույն օրը Օսիպյանը հացադուլ էր հայտարարել։ Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Օսիպյանի կալանքը չեղարկելու մասին։

