Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ․

18.06.2026, 20:25
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պարզաբանում է, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ․

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պարզաբանում է, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ։ 

Անձրևաջրերը, որոնք բնական պայմաններում թույլ թթվային են՝ մթնոլորտային ածխաթթու գազի հետ փոխազդեցության հետևանքով, անցնելով ապարների և հողաշերտերի միջով, աստիճանաբար լուծում են տարբեր հանքանյութեր և աղեր։ Այդ լուծված նյութերը գետերի միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և օվկիանոսներ։ 

Գետերի ջուրը մշտապես թարմացվում է տեղումներով, ստորերկրյա ջրերով և հոսքով, ինչի շնորհիվ լուծված աղերի պարունակությունը մնում է համեմատաբար ցածր, և գետերի մեծ մասը քաղցրահամ է, նշում է կենտրոնից։ 

Օվկիանոսներում իրավիճակն այլ է․ արևի ազդեցությամբ ջուրը մշտապես գոլորշիանում է, սակայն լուծված աղերը չեն գոլորշիանում և մնում են ջրում։ Միլիոնավոր տարիների ընթացքում դրանք աստիճանաբար կուտակվել են՝ ձևավորելով օվկիանոսային ջրի ներկայիս աղայնությունը, որը միջինում կազմում է մոտ 35‰ (35 գրամ աղ մեկ լիտր ջրում)։ 

Օվկիանոսային ջրում գերակշռում է նատրիումի քլորիդը (կերակրի աղը), սակայն այն պարունակում է նաև մագնեզիումի, կալցիումի, կալիումի և այլ տարրերի միացություններ։