Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ուղեցուց, թե ինչպես կարելի է տարբերակել ջերմային հարվածը սովորական թուլությունից։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում և Արարատյան դաշտում սպասվում է մինչև +38 աստիճան։
Ջերմային հյուծվածություն (թեթև ձև)՝ ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, ընդհանուր թուլությամբ և մաշկի գունատությամբ:
Ջերմային հարված (ծանր ձև)՝ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40°C և ավելի, իսկ քրտնարտադրության մեխանիզմը սպառվում է, ինչի պատճառով մաշկը դառնում է չոր և տաք։ Ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանիշներ՝ շփոթվածություն, խոսքի խանգարում, գրգռվածություն, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներ և գիտակցության կորուստ:
Ովքե՞ր են ռիսկի խմբում
- Մինչև 5 տարեկան երեխաները և 65-ից բարձր անձինք (նրանց կենտրոնական նյարդային համակարգն ավելի զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ)։
- Քրոնիկ (սրտանոթային, թոքային) հիվանդություններ, գիրություն ունեցող անձինք։
- Բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողները և մարզիկները:

- Անհապաղ զանգահարե՛ք շտապօգնություն:
- Մինչ բժիշկների ժամանումը՝ տուժածին տեղափոխե՛ք հով, ստվերոտ կամ օդորակիչով սենյակ:
- Թուլացրե՛ք կամ հանե՛ք ավելորդ հագուստը:
- Արագ սառեցրե՛ք մարմինը՝ օգտագործելով թաց սավաններ, հովհար, օդորակիչ կամ սառը թրջոցներ (հատկապես պարանոցի, թևատակերի և աճուկային շրջաններում):
Ինչպե՞ս կանխարգելել
- Շոգ եղանակին խմե՛ք շատ ջուր, մի՛ սպասեք ծարավի զգացողությանը: Խուսափե՛ք ալկոհոլից, քանի որ այն խախտում է մարմնի ջերմակարգավորումը:
- Կրե՛ք բաց գույնի, թեթև և լայն հագուստ:
- Սահմանափակե՛ք ակտիվությունը, խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:
- Եթե ընդունում եք քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ, որովհետև իրավիճակով պայմանավորված ցուցումները կարող են տարբեր լինել:

