Յոգա․ մարմնի մարզո՞ւմ, թե՞ ներքին հեղափոխություն․ մասնագետը բացահայտում է յոգայի գաղտնիքները

21.06.2026, 18:37
Մարդուն կառավարելու ամենահեշտ ձևը նրան ինքն իրենից հեռացնելն է. ի՞նչ է առաջարկում յոգան 21-րդ դարի մարդուն
Յոգա․ մարմնի մարզո՞ւմ, թե՞ ներքին հեղափոխություն․ մասնագետը բացահայտում է յոգայի գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցիալական ցանցեր, անվերջ ծանուցումներ, արագացող առօրյա, տեղեկատվության անընդհատ հոսք․ ժամանակակից մարդը հաճախ հոգնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև մտքով։ Այդ ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ փորձում են գտնել մի բան, որը կօգնի կանգ առնել, վերականգնել ներքին հավասարակշռությունն ու մի փոքր ավելի լավ լսել սեփական ձայնը։

Այդ ճանապարհներից մեկը յոգան է։

Շատերի համար այն պարզապես ձգումներ կամ գեղեցիկ դիրքեր են, սակայն իրականում յոգան շատ ավելի լայն աշխարհ է՝ մարմնի, շնչի և գիտակցության աշխատանքի մասին։

Հունիսի 21-ին նշվող Յոգայի միջազգային օրվան ընդառաջ յոգայի ուսուցիչ Լիանա Մերիխանյանը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է հազարամյակների պատմություն ունեցող այս ուսմունքը շարունակում մնալ արդիական նաև այսօր և ինչ կարող է տալ ժամանակակից մարդուն։

Ոչ թե միայն մարմինը, այլ ամբողջ մարդը

Յոգա բառը ծագում է սանսկրիտի «yuj» բառից, որը նշանակում է միացնել, կապել, միավորել։

Մասնագետի խոսքով՝ հենց սա էլ յոգայի հիմնական գաղափարն է՝ միավորել մարմինը, միտքն ու շունչը։

«Յոգան շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող գիտություն է։ Այն ճանապարհ է դեպի ինքնաճանաչում, որտեղ շնչի, շարժման և գիտակցության միջոցով մարդը սովորում է ավելի լավ հասկանալ իրեն, զգալ իր մարմինը և գտնել ներքին հավասարակշռություն», — ասում է Մերիխանյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ յոգան կրոն չէ, ինչպես հաճախ ընդունված է մտածել։

Իսկ հայտնի ասանաները՝ մարմնի դիրքերը, ամբողջ համակարգի միայն մի մասն են։ Դրանք ավելի շատ գործիք են՝ մարմինը պատրաստելու ուշադրության, կենտրոնացման ու խորը ներքին աշխատանքի համար։

йога Лиана

Հնագույն գաղափարներ, որոնք այսօր էլ արդիական են

Յոգայի հիմքում, Մերիխանյանի խոսքով, ոչ միայն շարժումն է, այլև արժեքները։

Յաման ու նիյաման յոգայի բարոյական սկզբունքներն են՝ ոչ բռնություն, ճշմարտացիություն, չափավորություն, մաքրություն, ինքնակարգապահություն։

Առաջին հայացքից դրանք հնչում են որպես հին գաղափարներ, բայց իրականում շատ ժամանակակից են։

«Այսօր մենք խոսում ենք առողջ սննդի, տեղեկատվական դաշտի մաքրման, ավելորդ աղմուկից հեռանալու մասին։ Սա որոշ իմաստով շատ մոտ է յոգական մաքրության գաղափարին», — նշում է մասնագետը։

Ինչու են մարդիկ ընտրում յոգան

Անկեղծ լինենք՝ քչերն են առաջին անգամ յոգայի գնում ինքնաճանաչման համար։

Շատերը սկսում են ավելի գործնական նպատակներով՝ մեջքի ցավեր, մարմնի ճկունություն, քաշի կարգավորում, ավելի լավ ինքնազգացողություն։

Բայց հաճախ մի քանի շաբաթ կամ ամիս անց հասկանում են՝ եկել էին մարմնի համար, մնացին՝ զգացողության։

«Իր գործին նվիրված յոգայի ուսուցիչը նույնիսկ միայն ասանա պրակտիկայի միջոցով կարող է բացել յոգայի շատ ավելի լայն աշխարհը՝ մեղմ պրակտիկաների, շնչառության և հասանելի գաղափարների միջոցով», — ասում է Մերիխանյանը։

Միևնույն ժամանակ մասնագետը նշում է՝ սա դասական յոգայի վերջնական նպատակը չէ, այլ ժամանակակից մարդու կարիքներին մոտեցնելու ձև։

йога Лиана

Ուրեմն ո՞րն է յոգայի նպատակը

Յոգայում գեղեցիկ մարմինը վերջնակետ չէ։

Մասնագետի խոսքով՝ լավ ինքնազգացողությունը, ֆիզիկական փոփոխությունները և արտաքին արդյունքները պարզապես ճանապարհի բնական հետևանքներն են։

«Յոգան սովորական մարզումից տարբերվում է նրանով, որ այստեղ շատ կարևոր է ուշադրությունը, որը ձևավորվում է ներշունչի և արտաշնչի միջոցով», — ասում է նա։

Իսկ եթե խոսենք ավելի խորը մակարդակի մասին, յոգայական ուսմունքներում հաճախ նշվում է Սամադհին՝ բարձրագույն գիտակցության հետ միաձուլման վիճակը։

Երբ մարդը վերադառնում է ինքն իրեն

Մերիխանյանի համոզմամբ՝ յոգան օգնում է մարդուն նորից զգալ սեփական ներուժն ու հնարավորությունները։

«Շատ արտաքին հատուկ էֆեկտներ ստեղծված են մարդուն ինքն իրենից հեռացնելու համար, որովհետև այդպես նա ավելի հեշտ կառավարելի է դառնում», — ասում է նա։

Երբ մարդը սկսում է ավելի լավ ճանաչել իրեն, շատ երկրորդական խնդիրներ աստիճանաբար կորցնում են իրենց կարևորությունը, իսկ մշտական լարվածությունը դադարում է ղեկավարել նրա կյանքը։

йога Лиана

Ինչպե՞ս կիրառել յոգան առօրյայում

Յոգան առօրյայում կիրառելը չի պահանջում հատուկ պայմաններ կամ տեխնիկաներ․ այն սկսվում է ամենապարզ քայլից։ Ըստ մասնագետի`ամբողջ գաղտնիքը կարելի է ձևակերպել ընդամենը մեկ բառով.

«Հակիրճ՝ ՇՆՉԵԼԸ: Ճիշտ շնչելը, երկարաձիգ ու համակ ուշադրությամբ շնչելը, շնչի մեջ տարրալուծվելը», - ընդգծում է նա։

Եվ գուցե հենց այստեղ է յոգայի ամենապարզ, բայց ամենադժվար գաղափարը։

Երբեմն ինքն իրեն ավելի մոտ լինելու համար պետք է պարզապես… շնչել։