Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ ճակատ ճակատի են բախվել Chevrolet–ն ու Opel–ը․ կա զոհ և վեց վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է։
Մինչ կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատարերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

