Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

24.06.2026, 14:10
«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ», - նշված է հաղորդագրության մեջ։

Այդ հանդիպումների ընթացքում նա, համոզելու և ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով, դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն ՀՀ-ում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել ՀՀ և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ.-ն:

Ա․Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Ա․Չ.-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: