Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել աննախադեպ շոգից
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայում գրանցվող ուժեղ շոգի ֆոնին վերջին հինգ օրվա ընթացքում առնվազն 40 մարդ է խեղդվել: Այս մասին Ֆրանսիայի կառավարության արտահերթ նիստում հայտարարել է երկրի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, հայտնում է The New York Times-ը։
Վարչապետը կատարվածն անվանել է «ողբերգական չարիք»: Խեղդվածների մեծ մասը երիտասարդներ էին, նրանցից շատերը՝ դեռահասներ, որոնք լողում էին չվերահսկվող տարածքներում:
Երիտասարդության հարցերով նախարար Մարինա Ֆերարին հայտնել է, որ խեղդվելու դեպքերը հիմնականում տեղի են ունեցել լճերում կամ ջրանցքներում:
Բարձր ջերմաստիճանը վերջին մի քանի օրվա ընթացքում նաև այլ մահվան դեպքերի պատճառ է դարձել։ Ֆրանսիական BFMTV լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երկուշաբթի մեքենայի մեջ փակված թողնելու հետևանքով երկու երեխա է մահացել (2 և 4 տարեկան):
Իսկ երեքաշաբթի Փարիզում տասնյակ մարդիկ փրկություն էին փնտրում շոգից՝ լողալով Սեն-Մարտեն ջրանցքում, ընդ որում, ինչպես նշում են բնակիչները, նրանց ավելի շատ անհանգստացնում է ոչ թե խեղդվելու վտանգը, այլ ջրի որակն ու առողջական հնարավոր ռիսկերը։
Նշենք, որ Եվրոպայում գրանցվող ուժեղ շոգի պատճառով Ֆրանսիայի ավելի քան կեսում հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր մակարդակը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Փարիզում ջերմաստիճանը կարող է հասնել 40°C -ի (մոտենալով պատմական ռեկորդին), իսկ երկրի կենտրոնական շրջաններում՝ մինչև 43°C-ի:
«Météo-France» օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ երկրում գրանցվել է պատմության մեջ (1947 թվականից ի վեր) ամենաշոգ գիշերը. 30 կայանների միջին ցուցանիշը կազմել է 21,6 °C։

