ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության գործարք են կնքել․ Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության գործարք են կնքել, ամերիկյան կողմը հայտարարում է Հորմուզի նեղուցի բացման և իրանական նավահանգիստների շրջափակման վերացման մասին։ Այս մասին Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ողջ աշխարհի նավե՛ր, գործի՛ գցեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի՛», գրել է նա։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում, հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Իսլամաբադը հանդես է եկել որպես միջնորդ կողմերի միջև բանակցություններում, նշում է RBC-ն։
Մեկ ժամ անց Թրամփն իր էջում նոր հաղորդագրություն է հրապարակել։ Դրանում նա հաստատել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին։
«Այս Մեծ գործարքը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Շատ նախագահներ են փորձել խաղաղություն հաստատել Իրանի հետ, բայց նրանք բոլորը ձախողվել են ինձնից առաջ։ Տարածաշրջանի երկրների առաջնորդներն առաջին անգամ գտան մի նախագահի, ով կարող է օգնել նրանց հասնել իրական խաղաղության։ Ուրբաթ օրը գործարքի ստորագրումից հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի ականազերծման համար։ Նավթը կրկին կհոսի երկու ուղղություններով՝ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար», — գրել է նա։
Ավելի ուշ իրանական Fars գործակալությունը, հղում անելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարության զեկույցին, հայտնել է, որ Թեհրանը պատրաստ էր չեղարկել բանակցությունները, սակայն Թրամփը համոզել է դա չանել՝ գնալով զիջումների։
«Բեյրութի վրա հարձակումից հետո Իրանը չեղարկեց բանակցությունները և պատրաստ էր հարվածել սիոնիստական ռեժիմին։ Բայց, ի վերջո, ԱՄՆ նախագահի կողմից վերջին պահին արված զիջումները, այդ թվում՝ Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը, Իսրայելի զորքերի դուրսբերումը, այդ թվում՝ Լիբանանից, և շրջափակման վերացումը, համոզեցին Թեհրանին հրաժարվել այդ մտքից», — ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը որոշում են կայացրել իրավական ռեժիմ սահմանել Պարսից ծոցի ջրերում նավագնացության համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համաձայնագիրը նախ կստորագրվի էլեկտրոնային տարբերակով, իսկ այնուհետև՝ մեկ շաբաթվա ընթացքում, կողմերն այն կստորագրեն առդեմ «ինչ-որ տեղ Եվրոպայում»։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը դատապարտել էր ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) հարվածը Բեյրութի արվարձանին և կոչ էր արել հակամարտության բոլոր կողմերին «չձախողել» Իրանի հետ գործարքը։

