Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի ողջ ենթակառուցվածքը

10.06.2026, 19:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի ողջ ենթակառուցվածքը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի ողջ ենթակառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի ողջ ենթակառուցվածքը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել, հայտնում է РБК-ն։

«Եթե մարդիկ իրենց հիմարի պես պահեն, մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք ոչնչացնել ամբողջ երկրի ողջ ենթակառուցվածքը։ Եվ ես չեմ կարծում, որ դա լավ է, որովհետև հետո ինչ-որ մեկը ստիպված է լինելու վերականգնել այն»,-նշել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ ենթակառուցվածքների, կամուրջների, օբյեկտների, էլեկտրակայանների վերականգնումը կարժենա մոտ 1 տրիլիոն դոլար։ Ըստ Թրամփի` ֆինանսավորմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ԱՄՆ-ը։

ԱՄՆ նախագահը նաև դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք դա նման կլինի Իրանի համար Մարշալի պլանին։

«Բայց մենք կստանանք նրանց նավթի կեսը»,- հավելել է նա։

ԱՄՆ-Իրան հակամարտության մասին

Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Հնարավոր գործարքի 15 կետերը

Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ, որոնցից հիմնականներն են.

·       Իրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից և ուրանի հարստացումից։

·       Հարստացված ուրանի առկա պաշարների հանձնումը ԱՄՆ-ին։

·       Բացել Հորմուզի նեղուցը։

·       Զսպվածություն հրթիռային ծրագրի հարցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սույն թվականի մայիսի 24-ին ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Գործարքի դրույթներից մեկը վերաբերում է միջուկային զենքին. Իրանը պարտավոր է հրաժարվել դրա ստեղծման ծրագրերից, ինչպես նաև բանակցություններ սկսել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և հարստացված հումքի առկա պաշարների դուրսբերման շուրջ։

Հունիսի 9-ին The New York Times-ը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների արդյունքում հասել են միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի աղոտ ուրվագծերին՝ ուրանի հարստացման երկարատև կասեցում, ուրանի հարստացման մակարդակի «նվազեցում», Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժում, Իրանի համաձայնությանը չնախատեսված ստուգումների անցկացմանը։

Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքը կկնքվի երկու շաբաթվա ընթացքում։