Թրամփ. նոր գործարքը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

25.05.2026, 21:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը լինելու է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) լիովին հակառակը
Թրամփ. նոր գործարքը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը լինելու է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) լիովին հակառակը»։

Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ գործարքի պայմաններն առայժմ համաձայնեցման փուլում են։ Այս մասին հայտնում է kommersant-ը։

   Թրամփը խոստացել է, որ Իրանի հետ գործարքը «կա՛մ կլինի հոյակապ և նշանակալից», կա՛մ ԱՄՆ-ն այն չի կնքի։ «Դա կլինի Օբամայի ձախողված վարչակազմի կողմից կնքված աղետալի ՀՀԳԾ -ի լիովին հակառակը, որն ուղիղ և բաց ճանապարհ դարձավ Իրանի կողմից միջուկային զենք ստանալու համար։ Ո՛չ, ես նման գործարքներ չեմ կնքում»,- գրել է Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ-Իրան հակամարտության մասին

Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Հնարավոր գործարքի 15 կետերը

Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ, որոնցից հիմնականներն են.

·       Իրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից և ուրանի հարստացումից։

·       Հարստացված ուրանի առկա պաշարների հանձնումը ԱՄՆ-ին։

·       Բացել Հորմուզի նեղուցը։

·       Զսպվածություն հրթիռային ծրագրի հարցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սույն թվականի մայիսի 24-ին ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ The Guardian-ը հստակեցրել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ չի հաստատել համաձայնագիրը։ Axios-ի տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է զինադադարի երկարաձգում 60 օրով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում։ Գործարքի ևս մեկ դրույթ վերաբերում է միջուկային զենքին. Իրանը պարտավոր է հրաժարվել դրա ստեղծման ծրագրերից, ինչպես նաև բանակցություններ սկսել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և հարստացված հումքի առկա պաշարների դուրսբերման շուրջ։