ԱՀԿ–ն գնահատել է հանտավիրուսի գլոբալ բռնկման հավանականությունը

13.05.2026, 20:25
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը գնահատել է հանտավիրուսի գլոբալ բռնկման հավանականությունը
ԱՀԿ–ն գնահատել է հանտավիրուսի գլոբալ բռնկման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ «Hondius» զբոսանավում հանտավիրուսի բռնկումը լուրջ վտանգներ չի պարունակում:

«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջապահական ռիսկը ցածր է», - երեքշաբթի Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նա նշել է, որ այս պահին արձանագրվել է վարակման ինը դեպք, ևս երկու պացիենտի մոտ առկա է հանտավիրուսով վարակվելու կասկած, սակայն նրանք պետք է լրացուցիչ հետազոտություն անցնեն: Բոլոր պացիենտները մեկուսացված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

«Ավելի մեծ բռնկման որևէ նշան չկա», - վստահեցրել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, սակայն, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող են հայտնաբերվել նոր դեպքեր:

Նա խորհուրդ է տվել ուշադիր հետևել պացիենտներին մինչև հունիսի 21-ը:

Ավելի վաղ Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ երկրում հանտավիրուսի տարածման ռիսկի հետ կապված իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա:

Անդյան հանտավիրուսը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել մարդուց մարդուն, հիմնականում՝ սերտ և տևական շփման ժամանակ: Փոխանցման հիմնական ուղին նախկինի պես մնում է շփումը վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ: