Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին

13.05.2026, 16:25
Մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է վարակման 9 դեպք, ևս 2-ը համարվում են հավանական, հայտնել է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը
Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հայտնել է ավելի վաղ զբոսանավում հայտնաբերված հանտավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Նշենք, որ մայիսի 10-ին Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ ժամանած MV Hondius զբոսանավում հայտնաբերվել են հանտավիրուսով վարակման դեպքեր:

Ըստ կենտրոնի տրամադրած տեղեկատվության, մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է վարակման 9 դեպք, ևս 2-ը համարվում են հավանական: Հիվանդները զբոսանավի ուղևորներն են կամ նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք: Բոլոր հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, հանձնել լաբորատոր նմուշներ և տեղափոխվել հատուկ մեկուսացման վայրեր՝ կարանտինի և հսկողության նպատակով:

Կենտրոնը տեղեկացնում է, որ հայտնաբերվածը վիրուսի Անդերի տեսակն է, որը հանտավիրուսների շարքում միակն է, որ կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և տևական շփման արդյունքում: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում կոնտակտավորների հայտնաբերման և հետազոտման ուղղությամբ:

Չնայած գրանցված դեպքերին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) բնակչության համար ընդհանուր ռիսկը գնահատում են շատ ցածր: Հայաստանում վիրուսի տարածման վտանգը նույնպես գնահատվում է ցածր, սակայն առողջապահական կառույցները շարունակում են միջազգային իրավիճակի մոնիտորինգը: Այս փուլում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ չեն առաջարկվում: