Սև ծովից ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

08.08.2026, 10:36
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ ՎԻԴԵՈ
Սև ծովից ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն, հայտնում է Հայհիդրոմետի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն, այսօր՝ օգոստոսի 8–ին և օգոստոսի 9–ին մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել հարավային–արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9–ին ուշ երեկոյան ժամերին, օգոստոսի 10–ին և 11–ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներաթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ կբերի զովություն և խոնավություն», – նշել է Սուրենյանը։

Նրա խոսքով, օգոստոսի 9–ին ուշ երեկոյան, օգոստոսի 10–ին և 11–ին գիշերը և երեկոյան շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և, ցավոք, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ։

«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10–11–ին, օգոստոսի 9–ի համեմատ, կնվազի 4–6 աստիճանով, և արդեն օգոստոիս 10–ից հետո հանրապետության տաք գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովտային գոտիները, ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +34․․․+35 աստիճանը և կլինի կլիմայական նորմային սահմաններում», – նշել է Սուրենյանը։