Մենք լի ենք հավատքով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները․ Կաթողիկոս
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դատական նիստից հետո երթով հասավ Մայր Տաճար, որտեղ հավաքված ժողովրդի հետ միասնական աղոթք բարձրացվեց։
Հիշեցնենք, որ այսօր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստն էր։ Քննող դատավոր Հակոբ Մանուկյանը դատական առաջին նիստում ինքնաբացարկ հայտնեց։ Կաթողիկոսը ներկա է եղել նիստին։ Նրան և 6 եպիսկոպոսներին մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։
Կաթողիկոսը կոչով դիմել է ժողովրդին և նշել, որ իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին սեփական կամքին հպատակացնելու նպատակով:
«Մենք լի ենք հավատքով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով», - ասել է Կաթողիկոստ։
Գարեգին Բ-ն հորդորել է լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքներին և մնալ ամուր, հավատքով, սիրով և հույսով։
«Հավատում ենք, որ մեր Սուրբ եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները, նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին», - նշել է Գարեգին Երկրորդը։

