Հայաստանում 2026 թ.-ի I կիսամյակում նվազել են ծնելիությունն ու մահացությունը

07.08.2026, 11:19
Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
Հայաստանում 2026 թ.-ի I կիսամյակում նվազել են ծնելիությունն ու մահացությունը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2026 թ.-ի հունվար-հունիսին 2025 թ.-ի հունվար-հունիսի համեմատ ծնելիությունը նվազել է 1.9%-ով, մահացությունը՝ 4.7%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ծնելիություն

2026 թ.-ի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 14 281 երեխա, այնինչ 2025 թ.-ի 6 ամսում ծնվել էր 14 564 երեխա:

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 169 դեպք, ինչը 16.3%-ով ցածր է, քան 2025 թ.-ի նույն ժամանակահատվածում:

Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների հարաբերակցությունը մահացածներին, 2026 թ.-ի հունվար-հունիսին կազմել է 114.5%՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 111.3%-ի համեմատությամբ, իսկ նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111 տղա՝ 100 աղջկա հաշվով (1000 կենդանի ծնվածի և մեռելածնի հաշվարկով):

Մահացություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մահացել է 12 476 մարդ՝ անցյալ տարվա նույն կիսամյակի 13 090   ցուցանիշի համեմատ: Մարդկանց ավելի քան կեսը (51.5% կամ 6 425 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից. այս ցուցանիշը 5.8%-ով պակաս է, քան 2025 թ.-ի հունվար-հունիսին:

Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում են նորագոյացությունները (21.9% կամ 2 726 մարդ, աճը՝ 8.1%):

Մահվան այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9.8% կամ 1 218 մարդ, նվազումը՝ 12.1%), մարսողական օրգանների հիվանդությունները (5.3% կամ 661 մարդ, աճը՝ 3.4%), դժբախտ պատահարները, թունավորումները, վնասվածքները (3.3% կամ 417 մարդ, նվազումը՝ 4.4%), ներզատական համակարգի հիվանդությունները (2.1% կամ 263 մարդ, նվազումը՝ 6.7%), վարակիչ հիվանդությունները (0.6% կամ 75 մարդ, նվազումը՝ 51.3%):