Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ 2.5 մլն դոլարի գույքի շորթման և փողերի լվացման մեղադրանքով

06.08.2026, 17:03
Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ 2.5 մլն դոլարի գույքի շորթման և փողերի լվացման մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գ.Ծ.-ի և Ս.Ա.-ի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք, հայտնում են Քննչական կոմիտեն։

Ըստ ԶԼՄ-ների խոսքը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի (Գ.Ծ.) և «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի (Ս.Ա.) մասին է։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:

Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն», - նշված է հաղորդագրության մեջ։

Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:

2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։

«Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․Ծ․-ի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:

Այնուհետև, Գ․Ծ-ն և Ս․Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում», - նշված է հաղորդագրության մեջ:

Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):

Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ»-ի տնօրենների նախագահ, նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան - խմբ.) ձերբակալման և կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան - խմբ.) կալանավորման մասին՝ առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում:

Կարդացեք նաև․ «Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել