Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռները
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և ապօրինի կերպով Բաքվում պահվող մյուս հայերի վերաբերյալ դեռևս փետրվարի 5-ին կայացրած դատավճիռները։
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությանը՝ նշելով, որ Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում դատապարտված հայերի բողոքների քննությունը։
Բաքվի հայ գերիների մասին
2026 թվականի հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։
Նշված անձինք մտնում էին 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թվի մեջ, որոնց պահվելը պաշտոնապես հաստատվել էր Բաքվի կողմից։ Միևնույն ժամանակ, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են ադրբեջանական գերության մեջ գտնվող ևս շուրջ 80 հայերի մասին։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերով դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 65 տարեկան հասակը լրանալու պատճառով, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ցմահ ազատազրկում չի նախատեսում այդ տարիքի անձանց համար։
Փետրվարի 17-ին նույն ժամկետի է դատապարտվել նաև Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը։

