Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 2-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Ինչպես հայտնում է կայքը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Ս. Հ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 39 շենքի բակում դանակով հարվածել է Ս. Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա դիմել է փախուստի։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև. Սևանա լճում 5-ամյա երեխա է խեղդվելիս եղել․ ջրափրկարարներին հաջողվել է փրկել նրա կյանքը

