Ավելի քան հազար փամփուշտ, ինքնաձիգներ, նռնակներ․ Արմավիրի մարզում մեծ զինանոց է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել և առգրավվել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։
Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով երեք ինքնաձիգ, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ և մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք։
Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ հիշեցնելով, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

