Մալթայում գրանցված ընկերությունը կվերահսկի Հայաստանում առցանց խաղատների գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը կվերահսկի Հայաստանում առցանց-խաղատների գործունեությունը։
Կառավարությունը հինգշաբթի կայացրած նիստում ընդունեց որոշում խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու մասին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը նշեց, որ դեռևս 2024 թ.-ին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել էին մի շարք փոփոխություններ և բարեփոխումներ, այդ թվում՝ նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո։
«Օրենքից հետո համապատասխան որոշումներ ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու։ Այդ մրցույթը հայտարարվեց, որին հայտ էին ներկայացրել 3 օտարերկրյա կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ և նույնանման գործառույթ է իրականացնում նաև հարևան Վրաստանում՝ հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր», - նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս մասնավոր գործընկերոջ հետ նախատեսվում է ստեղծել ժամանակակից, թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ ու վերահսկողության գործիքակազմ 3 ուղղությամբ։
«Ապահովել իրական ժամանակում խաղադրույքների մոնիթորինգ, սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային և համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերիի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել այդ սահմանափակումները և սահմանել արդար և պատասխանատու խաղի կանոններ», - ասաց Հակոբյանը։
Նա հայտնեց, որ օպերատորի հետ կնքվելու է համապատասխան պայմանագիր՝ 15 տարի ժամկետով, և հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը։
«Մյուս տարվա սկզբին կունենանք ամբողջական ներդրված համակարգ։ Այս օպերատորի գործունեությունից հետո մյուս տարի կգործարկենք շահումների եկամտային հարկի նոր հարկատեսակը՝ տարեկան 5%-ի չափով, խոշոր շահումների դեպքում՝ 10%», - նշեց Հակոբյանը։

