Տաջիկ մարտիկ Սուլեյման Մահմադովն այցելել է Եռաբլուր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Տաջիկ մարտիկ Սուլեյման Մահմադովը, ով հայտնի է «Դահիճ» («Палач») մականունով, այցելել է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելության տեսանյութն Instagram-ում հրապարակել է հայ մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը:
«Այսօր այցելեցինք Եռաբլուր Տաջիկստանից ժամանած արժանապատիվ եղբորս՝ @suleyman_palach-ի հետ: Շնորհակալություն քեզ և խոնարհումս ծնողներիդ նման դաստիարակության համար», — գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, Մահմադովը Երևանում ընթացող HYPE Armenia մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Ումար Դավլետմիրզաևի նկատմամբ: Մարտից հետո նա ռինգ է դուրս եկել Հայաստանի դրոշով և հայ զինծառայողի համազգեստով:
Իր ելույթը մարտիկը նվիրել է 2021 թվականի պատերազմի ժամանակ զոհված իր հայ ընկերոջ՝ Հրաչի հիշատակին: Ավելի վաղ Մահմադովը պատմել էր, որ նրանք ճանաչում էին միմյանց պատանեկան տարիքից: Ի հիշատակ ընկերոջ՝ նա նախկինում ևս ռինգ է դուրս եկել Հայաստանի դրոշով և հայկական երգի հնչյունների ներքո:
Սա Մահմադովի առաջին ելույթը չէր Երևանում: 2025 թվականի դեկտեմբերին նա մենամարտ էր անցկացրել Ռոման Քալաշյանի դեմ, որն ավարտվել էր նրա պարտությամբ, քանի որ Մահմադովն աչքի վնասվածք էր ստացել և երկրորդ ռաունդում հրաժարվել էր շարունակել մենամարտը: Մարտից հետո մարզիկը հանդիսատեսին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել իր ընկերոջ և զոհված հայ զինծառայողների հիշատակը:

