ՈՒԵՖԱ–ն, հնարավոր է, կազմակերպի աշխարհի այլընտրանքային առաջնություն առանց ՖԻՖԱ–ի․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ առճակատման շարունակման դեպքում, դիտարկում է գործընկերների հետ համատեղ այլընտրանքային աշխարհի առաջնություն կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Աղբյուրների տվյալներով՝ եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաներն ուսումնասիրում են հնարավոր քայլերն այն դեպքում, եթե Ինֆանտինոն որոշի առաջադրվել նոր ժամկետով հաջորդ տարի կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
Քննարկվող տարբերակների թվում են ՖԻՖԱ-ի աշխատանքային հանդիպումների բոյկոտումը, ինչը, ինչպես կարծում են ՈՒԵՖԱ-ում, կարող է դժվարացնել որոշումների ընդունումը կազմակերպությունում: Դիտարկվում է նաև այլընտրանքային միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունը, որոնք ներկայումս գտնվում են ՖԻՖԱ-ի հովանու ներքո:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նախաձեռնությանն աջակցություն կարող են ցուցաբերել Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլային կոնֆեդերացիան (ԿՈՆԿԱԿԱՖ), Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԱՖԿ), ինչպես նաև Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ): The Times թերթի տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ի աղբյուրներից մեկը վստահություն է հայտնել, որ հարավամերիկյան ֆեդերացիաները նույնպես կաջակցեն նման նախաձեռնությանը:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ հնարավոր մրցաշարի հիմքում կարող է ընկնել Ազգերի գլոբալ լիգայի հայեցակարգը, որը մշակվել էր Եվրոպայում 2017 թվականին, սակայն հետագայում չէր իրականացվել: Ավելի ուշ նմանատիպ մրցաշար գործարկվեց եվրոպական մակարդակով:
Ինչպես հաղորդվում է, բացահայտ դիմակայությունը ՈՒԵՖԱ-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ԱՖԿ-ի և ՖԻՖԱ-ի նախագահի միջև սրվել է հուլիսին՝ աշխարհի առաջնությունների անցկացմանը մասնավոր ներդրողների ներգրավման վերաբերյալ Ինֆանտինոյի նախաձեռնությունից հետո: Նախագծի քննադատները հայտարարեցին, որ այն կողմնորոշված է առաջին հերթին կոմերցիոն օգուտ ստանալուն: Հետագայում ՖԻՖԱ-ի ղեկավարը հրաժարվեց այդ նախաձեռնությունից, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, տարաձայնությունները կողմերի միջև պահպանվում են:
Հրապարակման պահին ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պաշտոնապես չեն մեկնաբանել աշխարհի այլընտրանքային առաջնություն ստեղծելու հնարավորության մասին տեղեկությունը:

