ՀՀ ԱԳՆ․ Երևանին չի ներկայացվել ՀՀ–ում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ

04.08.2026, 16:15
Հայաստանում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
ՀՀ ԱԳՆ․ Երևանին չի ներկայացվել ՀՀ–ում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել», – ասել է Բադալյանը «Արմենպրես»–ին՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

Ավելի վաղ Corriere della Sera իտալական հրատարակությունը հայտնել է, որ Իտալիան դիտարկում է մի շարք երկրներում ստեղծել միգրանտների տեղակայման կենտրոններ, որոնց թվում են Հայաստանը, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանն ու Չեռնոգորիան։