ՌԴ–ն դադարեցրել է ՀՀ–ից ևս 70 հազար շիշ ջրի և ըմպելիքների վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանում կասեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների վաճառքը: Սահմանափակումները ներդրվել են «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (ЦРПТ) կողմից՝ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով, «Ъ»-ին հայտնել են կազմակերպությունում:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է «արտադրողների կողմից արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների խախտման պատճառով»:
Սահմանափակումների տակ են հայտնվել «ԲՋՆԻ» (BJNI) հանքային խմելու բուժիչ-սեղանի ջուրը, որն արտադրվում է «RRR» հանքային ջրերի գործարանում, ինչպես նաև հայկական «ՎԱԹԵՐԼՈԿ» ընկերության «Просто Азбука» բնական խմելու ջուրը (այդ թվում՝ մանկական) և DARBAS ապրանքանիշի («Արսեն և Ներսես» ՍՊԸ) ոչ ալկոհոլային Մոխիտոն:
«Ներկայումս Ռոսպոտրեբնադզորի նշած խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց ուղիներում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը: Մակնշման համակարգն ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն ապահովել սպառ ողների պաշտպանության մեխանիզմը», - մեկնաբանել է ЦРПТ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը:
Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորացրած միրգը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը:

