ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս․ ՀԱՊԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս, ՌԻԱ Նովոստի–ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները չեն պլանավորում փոխել իրենց ընթացիկ քաղաքականությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մտահոգված չեն կազմակերպությանը երկրի անդամակցության հարցի հնարավոր քննարկումներով:
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն տվյալ հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե այդպիսին պահանջվի, ընդունվելու է կոնսենսուսով», - գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը:
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը՝ երկու տարվա ընթացքում Կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքի մարման պարտավորությունները չկատարելու դեպքում:
«Դե ֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից», - եզրափակել է նա:
Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին
2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:
ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են տեղեկացնել Երևանին ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է նրա որոշումներին, սակայն չի մասնակցում նիստերին:

