Իտալիան Հայաստանը դիտարկում է այն երկրների շարքում, որտեղ կարող են ստեղծվել միգրանտների տեղաբաշխման կենտրոններ

04.08.2026, 12:37
Իտալիան արդեն պատրաստել է պոտենցիալ գործընկեր պետությունների նախնական ցուցակը, որոնց թվում են Հայաստան, Ուզբեկստանը, Չեռնոգորիան, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան
Իտալիան Հայաստանը դիտարկում է այն երկրների շարքում, որտեղ կարող են ստեղծվել միգրանտների տեղաբաշխման կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Իտալիան Հայաստանը դիտարկում է այն երկրների շարքում, որտեղ կարող են ստեղծվել միգրանտների տեղաբաշխման կենտրոններ, գրում է Corriere della Sera-ն:

Հրատարակությունը նշում է, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է օգտագործել մի շարք եվրոպական երկրների աջակցությունը՝ Եվրոպական միության մակարդակով միգրացիայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում առաջ մղելու համար: 22 պետությունների կողմից ստորագրված համատեղ նամակից հետո Հռոմն առաջարկում է ընդլայնել միգրանտների ռեպատրիացիայի (հայրենադարձման) կենտրոնների պրակտիկան՝ «ալբանական մոդելով», և նմանօրինակ օբյեկտներ ստեղծել առավելապես աֆրիկյան երկրներում՝ եվրոպական ֆինանսավորման հաշվին:

Իտալիան արդեն պատրաստել է պոտենցիալ գործընկեր պետությունների նախնական ցուցակը, որոնց թվում են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, ինչպես նաև Ուզբեկստանը, Չեռնոգորիան և Հայաստանը:

Հռոմը նաև առաջարկում է զարգացող երկրների համար նախատեսված ԵՄ առևտրային առավելություններն ավելի խիստ կապել հայրենադարձության մասով այդ երկրների համագործակցության հարցին։ Այսպիսով, գրում է Corriere della Sera-ն, Իտալիան ձգտում է օգտագործել նաև ոչ միայն միգրացիոն, այլև տնտեսական գործիքներ՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար:

Մելոնին փորձում է նաև ձևավորել ավելի լայն եվրոպական կոալիցիա իր միգրացիոն քաղաքականության շուրջ: Նախաձեռնության աջակիցների թվում է հայտնվել Գերմանիան, մինչդեռ Ֆրանսիան չի միացել համատեղ նամակին: Հռոմում դա կապում են այդ թվում միգրացիոն հարցերի շուրջ Փարիզի և իտալական կառավարության միջև առկա տարաձայնությունների հետ:

Հատկապես սուր են մնում Իտալիայի հարաբերությունները Իսպանիայի հետ: Մելոնիի կառավարությունը քննադատում է վարչապետ Պեդրո Սանչեսի միգրացիոն քաղաքականությունը՝ համարելով այն չափազանց մեղմ: Այս ֆոնին Հռոմը մտադիր է ցույց տալ, որ իտալական մոտեցումը ստանում է ավելի լայն աջակցություն Եվրոպայում:

Վերջնական րդյունքում Մելոնին ձգտում է միգրացիոն քաղաքականության իտալական մոդելը դուրս բերել համաեվրոպական մակարդակ և ձևավորել Կենտրոնական Աֆրիկայի երկրների հետ ԵՄ համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն: Հռոմի նպատակներից մեկը կարող է դառնալ Աֆրիկայի համար յուրօրինակ համաեվրոպական «Մատտեի պլանի» ստեղծումը, որը համադրում է միգրացիոն քաղաքականությունը, տնտեսական համագործակցությունը և աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք Երևանը ստացել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջարկներ Իտալիայից կամ Եվրոպական միության կառույցներից տվյալ հարցի վերաբերյալ, ինչպես նաև որն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը նման օբյեկտների հնարավոր տեղաբաշխման վերաբերյալ: