Լա Լիգայի նախագահը կոչ է արել Ինֆանտինոյին հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից

02.08.2026, 16:01
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից հրաժարվելու որոշմանը և կոչ է արել Ջանի Ինֆանտինոյին լքել զբաղեցրած պաշտոնը
Լա Լիգայի նախագահը կոչ է արել Ինֆանտինոյին հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից հրաժարվելու որոշմանը և կոչ է արել Ջանի Ինֆանտինոյին լքել զբաղեցրած պաշտոնը։

Այս մասին հաղորդում է championat.ru-ն։

«ՖԻՖԱ-ի որոշումը՝ հետ կանչել մրցաշարերի սեփականաշնորհման առաջարկը, անշուշտ, լավ նորություն է։ Սակայն մեծ սխալ կլինի կարծել, թե դրանով կազմակերպության կառավարման խնդիրը լուծված է։ Կոնֆեդերացիաները, ազգային ասոցիացիաները, լիգաները, ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային գործընթացի մյուս մասնակիցները չպետք է բավարարվեն միայն այս որոշմամբ ու հարցը փակված համարեն։ Խնդիրը շատ ավելի խորն է»,-նշել է Տեբասը։

Տեբասը նշել է ՖԻՖԱ-ի ղեկավարության վերջին շրջանի մի շարք վիճահարույց որոշումները.

«Մի՞թե մենք արդեն մոռացել ենք քաղաքական միջամտությունից հետո [Ֆոլարին Բալոգունի] կարմիր քարտի չեղարկման մասին: ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնած քննության մասին, որը պահանջեց Ջանի Ինֆանտինոյի ելույթը՝ կապված լուրջ խախտումների հետ: ՖԻՖԱ-ի պատմական կոռուպցիոն գործերով մեղադրանքներից հրաժարվելու մասին: Աշխարհի առաջնության տոմսերի սկանդալային գների մասին: Միջազգային օրացույցի, նոր մրցաշարերի ու ձևաչափերի վերաբերյալ միանձնյա որոշումների մասին, որոնք ընդունվել են առանց շահագրգիռ կողմերի հետ լիարժեք երկխոսության և համաձայնեցման»,-ասել է նաէ հավելելով, որ խնդիրը երբեք միայն մեկ կոնկրետ առաջարկի մեջ չի եղել։

«Գլխավոր խնդիրը կառավարման մոդելն է, որն իշխանությունը կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում, թուլացնում է զսպումների ու հակակշիռների համակարգը և սահմանափակում նրանց ազդեցությունը, ում վրա անմիջականորեն անդրադառնում են ընդունված որոշումները։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ջանի Ինֆանտինոն չպետք է շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն»,-ասել է Տեբասըէ ընդգծելով, որ համաշխարհային ֆուտբոլին նոր ղեկավարություն է պետք, որը կկարողանա արդիականացնել կառավարման համակարգը, վերականգնել վստահությունը կազմակերպության նկատմամբ և ապագա որոշումները կայացնել գործընթացի բոլոր մասնակիցների հետ համատեղ՝ նախապես գնահատելով դրանց սպորտային, տնտեսական և սոցիալական հետևանքները, այլ ոչ թե պարտադրելով դրանք միակողմանի կարգով։

«Մեկ առաջարկի հետկանչումը չի ջնջում այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախկինում։ Սա ընդամենը այսբերգի գագաթն է»,-եզրափակել է Տեբասը։

Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է այն նախագծի աշխատանքների դադարեցման մասին, որով նախատեսվում էր Աշխարհի առաջնության հետ կապված կոմերցիոն գործունեության մեջ արտաքին ներդրողներ ներգրավել։

Նախաձեռնությունն ավելի վաղ քննադատության էր արժանացել ՈՒԵՖԱ-ի, ֆուտբոլային այլ կազմակերպությունների և մի շարք քաղաքական գործիչների կողմից։ Նախագծի ընդդիմադիրները հայտարարում էին, որ արտաքին ներդրողների մասնակցությունը կարող է ուժեղացնել կոմերցիոն ճնշումը համաշխարհային ֆուտբոլի վրա։

Կարդացեք նաև. ՖԻՖԱ-ի նախագահը հրաժարվել է Աշխարհի առաջնությունում արտաքին ներդրողների ներգրավման ծրագրից

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

#О