Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ․ ՈՒԵՖԱ-ն մերժում է ՖԻՖԱ-ի մասնավորեցման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՈՒԵՖԱ-ն և նրա անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, քանի դեռ ՖԻՖԱ-ն չի վերանայել իր որոշումը։
Այս մասին ասված է ՈՒԵՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն և նրա բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական դիրքորոշում ունեն և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու առաջարկը:
«Քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի», - ընդգծվում է հայտարարությունում։
ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ առանձնացվում են հետևյալ առանցքային կետերը.
- Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։
- Որոշում՝ առանց քննարկման։ ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման։ ՈՒԵՖԱ-ն սա որակում է որպես բացահայտ ճնշում, հարկադրանք և առաջնորդության ձախողում։
- Վտանգ սպորտի ապագային։ Մասնավոր ներդրողների հայտնվելով ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ։ Բոլոր հիմնական որոշումները՝ խաղացանկերից մինչև մրցաշարերի ձևաչափեր, այլևս կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու համար։
«ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները վճռական են պաշտպանելու համաշխարհային ֆուտբոլի շահը և թույլ չեն տալու վտանգել սպորտի ապագան հանուն ֆինանսական օգուտի: Աշխարհի առաջնությունը պատկանում է ֆուտբոլին, և Եվրոպան թույլ չի տա վաճառել այն», - եզրափակվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը։
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի միջև կոնֆլիկտի պատճառն աշխարհի առաջնության և այլ խոշորագույն մրցաշարերի կոմերցիոն կառավարման մեջ մասնավոր ներդրողներ ներգրավելու ՖԻՖԱ-ի ծրագիրն է։
Reuters-ի և AP-ի տվյալներով՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկում է ստեղծել մոտ 20 միլիարդ դոլար գնահատվող նոր կոմերցիոն կառույց՝ դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը վաճառելով մասնավոր ներդրումային հիմնադրամներին։ Ընդ որում, ՖԻՖԱ-ն խոստանում է պահպանել վերահսկողությունը մրցաշարերի սպորտային բաղադրիչի նկատմամբ, իսկ ազգային ֆեդերացիաները նախագծի հաստատման դեպքում կարող են ստանալ միանվագ վճարումներ՝ յուրաքանչյուրը մոտ 20 միլիոն դոլարի չափով։

