Պատմական 9 մեդալ․ Ժաննա Անդրեասյանն ընդունել է հրաձգության աշխարհի առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին
29.07.2026,
21:10
Հուլիսի 20-26-ը Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում ՀՀ Հրաձգության հավաքականի անդամները նվաճել են 9 մեդալ (5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 20-26-ը Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ (5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե)։
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից ունեցել է աշխարհի չեմպիոններ, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Էստոնիայում Հայաստանը ներկայացրել է 12 հրաձիգ.
- Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ են դարձել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
- Թիմային պայքարում (շարժվող թիրախ, նորմալ վազք) ոսկե մեդալակիր է դարձել Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը։
- Երիտասարդների պայքարում բացառիկ արդյունք է գրանցել Աիդա Ազատյանը՝ դառնալով աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
- Արծաթե մեդալ է նվաճել տղամարդկանց թիմը (Մինասյան, Խաչատրյան, Մարգարյան)՝ խառը վազք մրցաձևում։
- Բրոնզե մեդալների է արժանացել Հայկ Մինասյանը (անհատական պայքարում), ինչպես նաև տղամարդկանց թիմը՝ 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերում։
Ողջունելով մարզիկներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց պատմական արդյունքի կապակցությամբ։ Նախարարը նաև կարևոր նորություններ է հայտնել մարզաձևի զարգացման վերաբերյալ` նշելով հետևյալները.
- Պետական ֆինանսավորում․ Կառավարության որոշմամբ՝ մասնավոր հրաձգարաններում մարզվող երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։
- Դպրոցական ծրագիր․ Քննարկվում է հրաձգության բաղադրիչը «Ֆիզկուլտուրա» առարկայի դպրոցական ծրագրում ներառելու հնարավորությունը։
- Միջազգային մրցաշարեր․ Քննարկվում է ապագայում հրաձգության հերթական միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացնելու հեռանկարը։

